03/03/2026
Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը շարունակում է բացահայտել հայ ժամանակակից արվեստը։
Այս անգամ Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ԺԱԻ) դիտեցինք Լեո Լեո Վարդանյանի «Նյութի ճանապարհը» ցուցահանդեսը, առիթ ունեցանք ծանոթանալու արվեստագետի հետ։
Ցուցահանդեը ներկայացնում է աշխատանքների ձևավորման միջանկյալ փուլը՝ ներկի մնացորդների, շերտերի, քերուկների և «պատահական» ձևավորված մանրաքանդակների միջոցով։ Տեսագրելով ներկի մնացորդների քերելը՝ հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է ինքը ներկապնակը մաքրում իր հենց նոր կատարած աշխատանքի հետքերից։ Տեսախցիկի թիրախում, սակայն, մաքրված ներկապնակը չէ, այլ այդ «մաքրումից» առաջացող կոճականման զանգվածները։
Այս աշխատանքները, թեև առաջանում են մաքրման և ավարտի փուլում, իրենց կառուցվածքով ու գունային հիշողությամբ կրում են արդեն ստեղծված գործերի ներքին պատմությունը։
Շատ կարևոր են նման հանդիպումները, քանի որ դրանք մեզ հնարավորություն են տալիս արվեստը տեսնել ոչ միայն որպես վերջնական արդյունք, այլ որպես գործընթաց։
Այս այցը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ժամանակակից արվեստը հարցեր է տալիս, ստիպում է մտածել նյութի, ձևի և ստեղծագործական ընթացքի մասին և ամենակարևորը՝ խրախուսում է մեզ ունենալ մեր սեփական դիտարկումները ու մեկնաբանությունները։