Arthur Tarkhanyan Center Արթուր Թարխանյան կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Arthur Tarkhanyan Center Արթուր Թարխանյան կենտրոն

Arthur Tarkhanyan Center Արթուր Թարխանյան կենտրոն ՀԽՍՀ վաստակավոր և ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյան

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ԵՊՃՇՀ պրոֆեսոր Տիգրան Սերյոժայի Բարսեղյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 2-ին, Երևանում...
07/08/2026

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ԵՊՃՇՀ պրոֆեսոր Տիգրան Սերյոժայի Բարսեղյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 2-ին, Երևանում։ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել։

1977 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1977-1980 թվականներին եղել է «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ, ավագ ճարտարապետ։ 1984 թվականին՝ Մոսկվայի ուսումնական շենքերի ԿԳՀՆ ինստիտուտի ասպիրանտ-գիտաշխատող։ 1986 թվականին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1993-95 թվականներին Հայաստանի ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության փոխնախագահ, 1995-2003 թվականներին՝ քաղաքաշինության նախարարության ճարտարապետական վարչության պետ, 2003 թվականից՝ ԵՊՃՇՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան։

2011 թվականին Հայաստանի անկախության 20-ամյակի և Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտի օդանավակայանի համալիրի նախագծի իրականացման համար պարգևատրվել է «Հայաստան Արցախ-ինժեներական համագործակցություն» ոսկե մեդալով։ 2013-2018 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը։

Տիգրան Բարսեղյանի նախագծերով կառուցվել են՝ ԼՂՀ Նորագյուղ ավանի մշակույթի տունը, Չարբախի հիվանդանոցային համալիրը, «Սիլ» հյուրանոցը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Կենաց ծառը» («Վերածնունդ»)։ Մասնակցել է Ստեփանակերտի օդանավակայանի ուղևորային համալիրի նախագծմանը, Շուշի քաղաքի ազատագրման 15-ամյակին նվիրված հուշակոթողի նախագծին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձան-կոթողի նախագծին, Լևոն Մադոյանին, Վաչե Հովսեփյանին և Ջիվան Գասպարյանին նվիրված հուշարձանախմբի նախագծին և այլ աշխատանքների։ Կազմել է ՀՀ զբոսաշրջային գոտիների սխեմաներ։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի քաղաքների հասարակական կենտրոնների ձևավորման խնդիրներին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը նախաձեռնել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը Երևան քաղաքի պատմության ...
06/08/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու գործընթաց։ Հիշեցնենք, որ հայկական մոդեռնիզմի այս կարևորագույն և աշխարհահռչակ կառույցը հանրության ու մասնագիտական համայնքի տարիների ճնշման արդյունքում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան` ներկայիս կառավարության որոշմամբ, պետական ցուցակում ներառվել է մոտ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 14-ին (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 14 օգոստոսի 2025 թվականի N 1151-Ն, կետ 1․7․12)։

Ավելին ⤵

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու գործընթաց։ Հիշեցնենք, որ հայկական մոդեռնիզմի այս կարևորագույն և աշխարհահռչակ կառույցը հանրության ու մասնագիտական համայնքի տարիների ճնշման արդյունքում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան` ներկայիս կառավարության որոշմամբ, պետական ցուցակում ներառվել է մոտ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 14-ին (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 14 օգոստոսի 2025 թվականի N 1151-Ն, կետ 1․7․12)։

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում հուշարձանների, մասնավորապես արդի ժառանգության, «պահպանությունը» ոչ թե պետական քաղաքականություն է, այլ՝ քաղաքական ու տնտեսական կարճաժամկետ շահերին ծառայող գործիք։ Սակայն նույնիսկ այդ դեպքում առհասարակ անհասկանալի է, թե որոնք են հուշարձանի կարգավիճակից զրկելու մշակութային և իրավական նախադրյալները։ Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է հուշարձանին կարգավիճակից զրկել, եթե այն կանգնած է նույն տեղում, նույնությամբ, ինչպես կարգավիճակ ստանալու պահին։ Աննդունելի է հանրապետական նշանակության հուշարձանը զրկել այդ կարգավիճակից՝ դրա ենթակառուցվածքային կամ այլ գործառական նշանակությունը պատճառաբանելով։ Արդյոք կիրառելի՞ է նույն տրամաբանությունը միջնադարյան վանքի, ամրոցի կամ կամրջի նկատմամբ։ Եթե ոչ, ապա ի՞նչ տարբերություն կա մոդեռնիստական ժառանգության և միջնադարյան ժառանգության միջև։ Դրանք երկուսն էլ ունեն համահավասար մշակութային արժեք և իրավական կարգավիճակ։

Կառավարության որոշման այս նախագիծը, նույնիսկ կառավարության կողմից դրա սոսկ քննարկումը, աղետալի նախադրյալ կարող է հանդիսանալ ապագայում հուշարձանների նկատմամբ ցանկացած նմանատիպ ոտնձգության համար՝ ոչ միայն ժամանակակից ժառանգության, այլև բոլոր հուշարձանների նկատմամբ՝ անկախ դրանց գործառական կամ պատմական նշանակությունից։ Հարկ ենք համարում հիշեցնել հայ ճարտարապետության դեմքը կերտող այն կառույցների ճակատագիրը, որոնք ժամանակին հանվեցին պահպանության ենթակա ժառանգության ցուցակներից՝ «Սևան» հյուրանոցը (քանդվել է 2005–2016 թվականներին), Քանաքեռ-Զեյթունում հայտնի ջրանցքը (ոչնչացված) և «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը հաջողվեց պահպանել հանրային ճնշման արդյունքում, բայց որի ճակատագիրը, անկախ «վերակառուցման» և «վերաբացման» նախընտրական խոստումներից, դեռևս անորոշ է։

Մենք՝ Դոկոմոմո Հայաստանի անդամներս, դատապարտում ենք հայկական մոդեռնիզմի հուշարձանների նկատմամբ պետական մարմինների և դրանց ղեկավարների որդեգրած վերաբերմունքն ու մոտեցումները։ Ժառանգությունը, մասնավորապես մոդեռնիստական հուշարձանները, որպես մեր պետության արդի դեմքը ներկայացնող ժառանգության մաս, պետք է զերծ մնա րոպեական, կարճաժամկետ արդյունք ակնկալող տնտեսական և քաղաքական գործընթացներից։ Այն հայ ժողովրդի հավաքական ժառանգության անքակտելի մասն է՝ անկախ կառուցման թվականից։

Այս հայտարարությամբ կոչ ենք անում կառավարությանն ու նրա մարմիններին հրաժարվել Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու որոշումից։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք Զվարթնոց օդանավակայանի կառավարումը ստանձնած ընկերությանը վերանայել օդանավակայանի ուղևորատար մասնաշենքի ընդլայնումը՝ պահպանելով համաշխարհային նշանակության բարձրարժեք մոդեռնիստական կառույցն ամբողջությամբ։

Դոկոմոմո Հայաստանի անդամները պատրաստ են իրենց մասնագիտական կարողությունների սահմաններում տրամադրել իրենց փորձագիտական աջակցությունը Զվարթնոց հին մասնաշենքի պահպանության աշխատանքներում։

Դոկոմոմո Հայաստանի անդամներ՝

Արեգ Ասատրյան, ճարտարապետ, զոնավորման եւ շենքերի փորձագետ, ԱՄՆ
Ռուբեն Արևշատյան, արվեստագետ, համադրող, Հայաստան
Նվարդ Երկանյան, արվեստագետ, դիզայներ, Հայաստան / Իտալիա
Գագիկ Խաչատրյան, ճարտարապետ, Հայաստան
Արսեն Կարապետյան, ճարտարապետ, ՀՀ
Իրինա Մերդինյան
Անահիտ Մինասյան
Արտուր Պետրոսյան
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ-քաղաքային պլանավորող, Հայաստան
Սևադա Պետրոսյան, ճարտարապետ, Հայաստան
Կարին Պօղոսեան, ճարտարապետ-քաղաքային պլանավորող, ԱՄՆ
Արսեն Սարգսյան, ճարտարապետ, ՀՀ
Գևորգ Թորոսյան, ճարտարապետ-ինժեներ, անկախ հետազոտող, Հայաստան / Բելգիա

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

Հայ ճարտարագետ-շինարար Էդվարդ Ներսեսի Թոսունյանը ծնվել է 1936 թվականի մարտի 8-ին, Թիֆլիսում։1960 թվականին ավարտել է Թբիլ...
31/07/2026

Հայ ճարտարագետ-շինարար Էդվարդ Ներսեսի Թոսունյանը ծնվել է 1936 թվականի մարտի 8-ին, Թիֆլիսում։

1960 թվականին ավարտել է Թբիլիսիի Վրացական պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1981 թվականներին եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, 1981 թվականից՝ Երևանշինի նախագծային շինմոնտաժային բաժնի գլխավոր ճարտարագետի տեղակալ։ 1999 թվականից բնակվել է Մոսկվայում։

Հեղինակ-կոնստրուկտորն է՝ Երևանում կառուցված խոշորապանելային բնակելի տների, «Հրազդան» մարզադաշտի, ԵՊՀ էլեկտրատեխնիկական ֆակուլտետի մասնաշենքի, 3000 դիտատեղով հեծանվահրապարակի, Գյումրիի օդանավակայանի, Երևանի «էրեբունի» օդանավակայան, Ծաղկաձորում՝ ԽՍՀՄ նախկին գլխավոր մարզահանգրվանի, Գորիսում՝ ՀՊՄՀ-ի մասնաճյուղի շենքի, «Արարատ» ֆուտբոլի թիմի Ձորաղբյուրի ուսումնամարզական համալիրի, Կապանում՝ թեք հարթությունների վրա սանդղաձև բազմահարկ բնակելի տների, ԲԱՄ-ի Տայուրա ավանում՝ շինությունների։

Թոսունյանը Խորհրդային ճարտարապետության նվաճումների, «Տարվա լավագույն կառույց» մրցանակի և «Տարվա լավագույն ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսների դափնեկիր է, արժանացել է ՀԽՍՀ Պետական և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակների, ինչպես նաև Մ. Լոմոնոսովի անվան մեդալի։

Մահացել է 2015 թվականին, Մոսկվայում։

Հայ ճարտարապետ Ժորժ Սարգսի Շեխլյանը ծնվել է 1942 թվականի հունվարի 9-ին, Լիոնում։1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնի...
24/07/2026

Հայ ճարտարապետ Ժորժ Սարգսի Շեխլյանը ծնվել է 1942 թվականի հունվարի 9-ին, Լիոնում։

1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1968-1984 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ, 1984-1990 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտներում։

Շեխլյանի նախագծերով (համահեղինակների հետ) իրականացվել են Սևան քաղաքի գլխավոր հատակագիծը (1970), «Զվարթնոց» օդանավակայանը (1981, հեղինակային խմբի հետ՝ ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1985, վերակառուցումը՝ 1993), «Ավիառեմշին» տրեստի շենքը (1984), վերակառուցվել Ռենտգենաբանության ինստուտի (1984), գերագույն դատարանի (1985-1986), պիոներների պալատի (1988-1989), կենտրոնական բանկի (1995) շենքերը, վերակառուցվել և բարեկարգվել Գյումրիի Կենտրոնական հրապարակը (1980-1988)։

1994 թվականից ապրում է Գրենոբլում (Ֆրանսիա), որտեղ նրա նախագծերով իրականացվել են առանձնատներ, քոտեջներ, մենատներով կառուցապատված փոքր թաղամասեր, ուսանողության համար բնակելի շենք (1995), Սեն Մարսելլանում՝ 2 լիցեյ (1998), Վալանս քաղաքի մոտ՝ Ալեն Մանուկյանի տեքստիլ գործարանի վերակառուցումը և ռեստորան (1999)։

Մշակել է Զվարթնոց օդանավակայանի շենքի հետագա պահպանման և օգտագործման երեք նախագիծ։

16/07/2026

Արթուր Թարխանյան կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու և դրա պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ։

Նշենք, որ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հայկական ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է, որը լայն ճանաչում է ստացել միջազգային հանրության շրջանում։ Այս եզակի կառույցի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել՝ ընդգծելով դրա բացառիկ ճարտարապետական արժեքն ու նշանակությունը։

Աշխարհում պահպանվել են ընդամենը յոթ նմանատիպ օդանավակայաններ, որոնք գտնվում են պետության հոգածության ներքո՝ որպես ճարտարապետական և մշակութային ժառանգության կարևոր նմուշներ, նույնիսկ այն դեպքում, երբ այլևս չեն շահագործվում։

Կրկին ընդգծում ենք, որ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին։ Մեր համոզմամբ՝ ավելի փոքր ներդրումներով և ավելի կարճ ժամկետներում հնարավոր է ապահովել օդանավակայանի թողունակության զգալի աճ՝ ավելացնելով այն մինչև երեք անգամ և համալրելով ևս 10 գեյթով։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը վերանայել Զվարթնոց օդանավակայանի զարգացման մաստեր պլանը և, առաջնորդվելով օրենսդրության պահանջներով, պահպանել Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը՝ որպես հայկական ճարտարապետական և մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ։

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասի Մինասյանը ծնվել է 1940 թվականի հունիսի 24-ին, Երևանում։1957 թվականին ավարտ...
10/07/2026

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասի Մինասյանը ծնվել է 1940 թվականի հունիսի 24-ին, Երևանում։

1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 17 դպրոցը, 1967 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը։ 1964-1980 թվականներին աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, 1980-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչության պետի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, Երևանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության և ճարտարապետության վարչության պետ, 1993-1996 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1996-2001 թվականներին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտ, արվեստանոցի վարիչ։ 1992-2002 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Ճարտարապետների միության քարտուղարի պաշտոնը։ 2001-2003 թվականներին եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետ։ 2002-2022 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահի պաշտոնը։ Երևանի Ճարտարապետաշինարարական պետական ազգային համալսարանի դոցենտ է։

Մկրտիչ Մինասյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝ Օտարերկրյա մասնագետների ընդունելությունների տունը, Երևանյան լճի առափնյա բնակելի թաղամասի՝ Կողբի կառուցապատումը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը և նրա տարածքի բարեկարգումը (ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1983), Պետմատի հաշվողական կենտրոնի և Պետապի վարչության շենքերը (այժմ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն), Սուրբ Թուխ Մանուկ Եկեղեցին Գեղհովիտ գյուղում, Հայկական մշակույթի կենտրոնի և Սուրբ Խաչ եկեղեցու համալիրը Մոսկվայում (2001-2005)։

1982 թվականին արժանացել է Ճարտարապետական աշխատանքների համամիութենական ստուգատես-մրցույթի «Գրան պրի» մրցանակին, ինչպես նաև «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակին՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի նախագծի համար։ 1983 թվականին ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակը։

2001 թվականին Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի ստուգատես-մրցույթում արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Տարվա լավագույն նախագիծ» անվանակարգում։ 2005 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2009 թվականին ստացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը, 2014 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը, իսկ 2015 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի «Արգիշտի Ա» հուշամեդալը։

Հունիսի 24-ին Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը նշեց իր 86-ամյակը։ Արթուր Թարխանյան կենտրոնը ջերմորեն շնորհավորում է նրան՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, անսպառ ստեղծագործական եռանդ և նորանոր հաջողություններ։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրանտ Ստեփանի Աչյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 19-ին, Երևանում։ 1951 թվականին ավարտել է Ե...
03/07/2026

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրանտ Ստեփանի Աչյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 19-ին, Երևանում։

1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951-1955 թվականներին աշխատել է Երևաննախագիծ, 1956-1967 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտներում, եղել է ավագ ճարտարապետ, խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, 1967-1990 թվականներին՝ Հայկոմուննախագիծ ինստիտուտի շինարարական ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

Աչյանի ստեղծագործություններից են՝ Մասիսի և Ծաղկահովիտի կենտրոնների կառուցապատում, Երևանի Նժդեհի հրապարակ, Մաշտոցի պողոտայի բնակելի տներ, ԵՊՀ մարզական համալիր,Դիլիջանի կապի տուն, Գրողների ստեղծագործական տուն (Ծաղկաձոր), Դպրոցներ (Գյումրի, Վանաձոր), Մանկական ճամբարներ (Կապան, Մեղրի)։ Աչքի է ընկել իր նախագծած հյուրանոցներով (Արթիկ, Աշտարակ, Գորիս, Մարտունի, Արմավիր, Հրազդան)։

Հրանտ Աչյանը մահացել է 1990 թվականի հոկտեմբերի 14-ին, Երևանում։

Մեծանուն ճարտարապետ, հայկական մոդեռնիզմի հիմնադիրներից մեկը՝ Կառլեն Հմայակի Վարդանյանը ծնվել է 1926 թվականի ապրիլի 27-ին...
26/06/2026

Մեծանուն ճարտարապետ, հայկական մոդեռնիզմի հիմնադիրներից մեկը՝ Կառլեն Հմայակի Վարդանյանը ծնվել է 1926 թվականի ապրիլի 27-ին Էջմիածին քաղաքում։ Նա հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և բանաստեղծուհի ու կոմպոզիտոր Մարինե Ալեսի հայրն է։

1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ 1952 թվականին՝ Մոսկվայի ավիացիոն վարչական ուսումնական հաստատությունը։ 1956 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է եղել։ Երկար տարիներ՝ շուրջ 45 տարի, դասավանդել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտում։ 1977–1980 թվականներին եղել է Կոնակրիի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարության ամբիոնի դեկան։ Կառլեն Վարդանյանը երկար տարիներ ապրել և աշխատել է նաև Մոսկվայում։ 1959–1965 թվականներին ղեկավարել է Հայաստանի ճարտարապետության և շինարարության գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական նախագծման բաժինը։ 1962 թվականին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով՝ Երևանի կրկեսի շենքի նախագծման համար։

Կառլեն Վարդանյանը հեղինակել է մի շարք նշանակալի ճարտարապետական աշխատանքներ, այդ թվում՝ Երևանի Նորք թաղամասի բնակելի համալիր, Երևանի պետական կրկես, Հանրապետական զինկոմիսարիատի շենք, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ֆակուլտետի շենք, Հանքավանի մանկական առողջության կենտրոնի ննջասենյակները, ինչպես նաև մսուր-մանկապարտ Երևանում։ Նրա աշխատանքների շարքում է նաև Թումանյանի այգում գտնվող «Արցունքների լիճը և Փարվանայի փլատակները» կոմպոզիցիան։

Մահացել է 2018 թվականին՝ կյանքի 91-րդ տարում։

24/06/2026

«Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական արժեքը ճանաչում և բարձր գնահատական է ստացել ամբողջ աշխարհում։ Այս բացառիկ կառույցը հիշատակվել և ներկայացվել է բազմաթիվ խորհրդային գրքերում ու ֆիլմերում, ինչպես նաև արտասահմանյան ավելի քան 120 տարբեր հրատարակություններում և ուսումնասիրություններում։ Սակայն, ցավոք, մեր երկրում այս ճարտարապետական գոհարը դեռևս պատշաճ գնահատականի չի արժանացել։ Իր լայն ֆունկցիոնալ հնարավորություններով և բացառիկ ճարտարապետական լուծումներով «Զվարթնոցը» շարունակում է պարզապես կանգնած մնալ իր տեղում՝ հիմնականում ծառայելով որպես զբոսաշրջիկների լուսանկարվելու վայր, մինչդեռ դրա մշակութային, պատմական և մասնագիտական նշանակությունը շատ ավելի խորն ու արժեքավոր է։

Հայ ճարտարապետ, նկարիչ-ձևավորող, տառաստեղծ Ֆրեդ Գուրգենի Աֆրիկյանը ծնվել է 1937 թվականի մարտի 25-ին, Արթիկում։ Եղել է Հա...
19/06/2026

Հայ ճարտարապետ, նկարիչ-ձևավորող, տառաստեղծ Ֆրեդ Գուրգենի Աֆրիկյանը ծնվել է 1937 թվականի մարտի 25-ին, Արթիկում։ Եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Ճարտարապետ Աննա Ալոյանի ամուսինն է, նկարչուհի Մանո Աֆրիկյանի հայրը։

1955-1961 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում։ 1961-2003 թվականներին աշխատել է «Հայնախագիծ» նախագծային ինստիտուտում նախ որպես ճարտարապետ, ապա՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1963 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Ֆրեդ Աֆրիկյանը մեծ ներդրում ունի հայ տառարվեստի և գրքերի գեղարվեստական ձևավորումների ասպարեզում։ 1984 թվականին լույս է տեսել նրա «Տառարվեստ» ալբոմը՝ 150 հեղինակային տառատեսակներով, 2011 թվականին՝ «Հայ Գիր» ալբոմը նոր 200 տառատեսակներով։

2011 թվականին հրատարակվել է նրա դասական և կանոնական համակարգերի հայկական տպագրական տառատեսակների 200 շրիֆտներ պարունակող «Հայգիր» կատալոգը։ Գեղարվեստականորեն ձևավորել է շուրջ 400 գիրք, որից չորսը իր հեղինակած բանաստեղծությունների՝ «Պոեմ էակի», «Օրհներգումն արեգական», «Մարդ միսթիկական», «Աֆորիզմներ» ժողովածուները։

Իրականացրել է հետևյալ հեղինակային նախագծեր՝ Լենինականի Արագած փողոցի բնակելի տներ և դրանց կառուցապատում, Լենինականի տեքստիլ կոմբինատի վարչական շենք, Լենինականի ծածկած շուկա, Ծաղկաձորի պիոներ ճամբար, Իջևանի պիոներ ճամբար, Մեծամորի մշակույթի պալատ,Կամոյի մշակույթի պալատ, Մասիսի գեղագիտության կենտրոն, Աբովյանի ստորգետնյա երկդահլիճ կինոթատրոն, Ապարանի մայրուղուն առընթեր, Հայաստանում գրերի գյուտի 1500 ամյակին նվիրված «Հայոց այբուբենի հուշարձան»։

Հեղինակ է կառավարական երեք մեդալների՝ «Մարտական ծառայության համար», «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։ Լոգոներ՝ Ճարտարապետների միություն, «Հայնախագիծ» ինստիտուտ, «ԵրՇին տրեստ», «Հայրենադարձ իրանահայերի միություն»։

Ֆրեդ Աֆրիկյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևանում։

Address

188/16 Antarayin Street
Yerevan
0019

Telephone

+37410529868

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arthur Tarkhanyan Center Արթուր Թարխանյան կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Arthur Tarkhanyan Center Արթուր Թարխանյան կենտրոն:

Shortcuts

Share

Category