28/12/2025
Իրական աղոթք
Երեկո էր։
Եկեղեցու բակը արդեն դատարկվում էր, և քարե պատերի մեջ տարածվում էր այն լռությունը, որը չի ճնշում, այլ ընդունում։ Ես իջա ներքև՝ սրբի մասունքների մոտ։ Սանդուղքներով իջնելիս մի տարօրինակ ձայն լսեցի․ ոչ աղոթք էր, ոչ երգ, ոչ էլ լաց։ Ավելի ճիշտ՝ այդ երեքի միջև ինչ-որ բան։
Անկեղծ ասած՝ անհանգստացա։
Ներս մտնելով տեսա մի տղայի։ Երեխա էր։ Նրա շարժումները կոտրված էին, հայացքը՝ մի քիչ կորսված։ Երևի աուտիզմ ուներ, կամ մի այլ վիճակ, որը մենք սովոր ենք անվանել «հիվանդություն»՝ առանց հասկանալու, թե իրականում ինչ է դա նշանակում։
Նա բացել էր աղոթագիրքը և երգում էր։
Բայց բառեր չկային։ Ես ոչ մի բառ չէի լսում, ոչ մի նախադասություն չէի հասկանում։ Միայն ձայներ՝ անհարթ, երբեմն բարձր, երբեմն՝ գրեթե շշուկի նման։ Սակայն ակնհայտ էր՝ նա աղոթում էր։
Ես կանգնել էի անշարժ։ Ժպիտս կամաց բացվեց՝ ինքն իրեն։ Այդ պահին նա շրջվեց ու նայեց ինձ։ Մի պահ լռեց։ Նրա հայացքը խառն էր՝ զարմանք, վախ, հետաքրքրություն։ Ես ոչինչ չասացի։ Միայն փորձեցի ժպիտով ցույց տալ այն փոքր դրականը, որը ունեի իմ մեջ։
Նա նորից շրջվեց դեպի աղոթագիրքը։
Եվ շարունակեց։
Այդ ձայների մեջ կար մի բան, որը հնարավոր չէր բացատրել։ Այնտեղ կար ավելի շատ սեր, քան շատերիս սովորած աղոթքներում։ Ավելի շատ լույս, քան ճարտար լեզվով քարոզող շատ մարդկանց խոսքերում։ Ես չէի հասկանում ոչ մի բառ, բայց հասկանում էի ամեն ինչ։
Եվ հենց այդտեղ, եկեղեցու ներքևում, սրբի մասունքների կողքին, ես արտասվեցի։ Ոչ տխրությունից։ Այլ այն գիտակցումից, որ մարդը կարող է Տիրոջ հետ խոսել իր սեփական, միայն իրեն հասկանալի լեզվով։ Եվ որ այդ լեզուն երբեմն շատ ավելի մաքուր է, քան մեր հստակ, գրագետ, բայց դատարկ բառերը։
Նա աղոթում էր այնպես, ինչպես կարող էր։
Եվ գուցե հենց այդպես էր պետք։