24/09/2026
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում
Հանուն բարեգութ և ողորմած Աստծո
Պարո՛ն նախագահ, պարո՛ն գլխավոր քարտուղար, հարգարժան տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ես պատրաստել էի մի ելույթ, որը ցանկանում էի ներկայացնել ձեզ։ Սակայն երեկ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, թե մենք ահաբեկիչներ ենք։ Մինչդեռ մենք ահաբեկչության զոհ ենք։
Ես գալիս եմ այն Իրանից, որի առաջնորդին հենց նրանք են ահաբեկչական գործողությամբ սպանել՝ առանց որևէ իրավական հիմքի, առանց որևէ հիմնավորման։ Ես գալիս եմ մի երկրից, որտեղ նրանք ռմբակոծել են դպրոց։
Դուք տեսնում եք այս երեխաներին։ Հենց այս երեխաներին են ռմբակոծել ու սպանել՝ կիրառելով ամերիկյան և իսրայելական զենքեր։
Նրանք որևէ մեղք չէին գործել, որևէ հանցանք չէին կատարել։
Լամերդը Իրանի փոքր քաղաքներից մեկն է։ Այնտեղ մարզասրահ կա, որտեղ երեխաները զբաղվում էին սպորտով։ Միացյալ Նահանգները ռմբակոծեց այդ վայրը կասետային ռումբերով, որոնք պայթելիս հազարավոր բեկորների էին բաժանվում։
Նրանք սպանեցին մեր գիտնականներին, մեր քաղաքացիներին, կանանց ու երեխաներին՝ անմեղ մարդկանց, որոնք որևէ հանցանք չէին գործել։
Նրանք, ովքեր իրենք են ահաբեկչություն իրականացնում և ահաբեկիչներ դաստիարակում, մեզ ասում են՝ դուք ահաբեկիչ եք։ Մենք միայն պաշտպանում ենք ինքներս մեզ։ Մենք ահաբեկիչ չենք։
Մեր անմեղ ժողովուրդը դարձել է այն անարդար ու դաժան հարձակումների թիրախը, որոնք նրանք պարտադրեցին մեր երկրին։ Եվ մենք վճռականորեն պաշտպանվեցինք։
ԱՄՆ-ն ու Իսրայելը մեզ վրա հարձակվեցին իրենց տրամադրության տակ եղած ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած զինատեսակներով, իսկ մեր ժողովուրդը ամուր կանգնեց և պատասխանեց այդ հարձակումներին։ Մենք նրանց առաջ գլուխ չխոնարհեցինք և պատասխան հարված հասցրինք։
Սակայն մենք մարդկանց չենք թիրախավորել։
Նրանք հարձակվել են մեր դպրոցների, հիվանդանոցների, համալսարանների, կամուրջների և ենթակառուցվածքների վրա։ Այս ամենը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը, հենց առաջին օրը Իսմայիլ Հանիեին Թեհրանում սպանեցին ահաբեկչական գործողության հետևանքով։
Իսրայելը ռմբակոծում և ահաբեկչական գործողություններ է իրականացնում ցանկացած պետության, ցանկացած կառավարության կամ ցանկացած տարածքի նկատմամբ, երբ ցանկանում է։
Գազայում նրանք կոտորել են ավելի քան 80 հազար անմեղ մարդու։ Ավելի քան 100 հազար մարդ տեղահանվել է։ Նրանք ցեղասպանություն են իրականացնում՝ իրենց տրամադրության տակ եղած միջոցների և տեխնոլոգիաների կիրառմամբ։
Եվ դրանից հետո հայտարարում են, թե ուրիշներն են ահաբեկիչները, ուրիշներն են անկայունության պատճառը։
Մենք ե՞նք անկայունության պատճառը։ Մենք, ովքեր ցանկանում ենք անկախ ապրել և չենք ցանկանում գլուխ խոնարհել, մենք ե՞նք անկայունության պատճառը։
Եթե նրանք, ովքեր ահաբեկում են, սպանում և հանցագործություններ են գործում, համարվում են անվտանգության և խաղաղության կողմնակիցներ, ապա ի՞նչ է մնում ասելու։
Նրանք որևէ սահմանափակում չեն ճանաչում և ընդհանրապես չեն պահպանում միջազգային իրավունքի կանոնները։ Ահա այն իրականությունը, որի հետ մենք այսօր առերեսվում ենք։
Մենք ոչինչ չենք պահանջում։ Մենք գտել ենք մեր պատասխանը։ Մեզ անհրաժեշտ է ուժ, որովհետև այն ժողովուրդը, որն ի վիճակի չէ պաշտպանելու ինքն իրեն, կճզմվի։
Այսօրվա աշխարհում որոշ հզոր պետություններ, փոխանակ մտածելու մարդկանց, մարդկության, արդարության և ժողովրդավարության մասին, դարձել են ավերածության, քայքայման և ոչնչացման գործոն։
Ում ցանկանում են ոչնչացնել, նրան պարզապես «ահաբեկիչ» են անվանում։
Իրանն արդեն 200 տարի որևէ երկրի վրա հարձակում չի գործել։ 200 տարի։ Մենք միշտ պաշտպանել ենք ինքներս մեզ։ Բայց այսօր մեզ մեղադրում են ահաբեկիչ լինելու և տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ։
Հենց դա է պատճառը, որ մենք ընտրել ենք մեր ռազմավարությունը։ Մեզ անհրաժեշտ է ուժ՝ ինքներս մեզ պաշտպանելու համար։ Մենք ուժ չենք ցանկանում՝ ուրիշների վրա հարձակվելու համար։ Մենք էներգիան ցանկանում ենք երկրի զարգացման համար, ոչ թե ռումբեր ստեղծելու, ավերածություններ գործելու կամ հասարակությանը սպառնալու համար։ Մենք ցանկանում ենք մասնակցել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։
Վերջին յոթ ամիսների ընթացքում Իրանի ժողովուրդը ամեն գիշեր փողոցներում է եղել՝ պաշտպանելու մեր երկիրը և թույլ չտալու, որ նրանք, ում ԱՄՆ-ն ու Իսրայելը հրահրել ու զինել էին, մուտք գործեն երկիր՝ Իրանի ներսում անկայունություն ու վտանգ ստեղծելով։
Արդեն յոթ ամիս է՝ Իրանի ժողովուրդը գիշեր ու ցերեկ փողոցներում է։ Մեր ժողովուրդն է մեր ուժը, և մենք կանգուն ենք մեր ժողովրդի ուժի շնորհիվ։
Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չկարողանա սպառնալ նրա գոյությանն ու առաջընթացին, այնքան պատասխանատու լինի, որ իր ուժը չօգտագործի գերիշխանություն հաստատելու համար, և այնքան հեռատես լինի, որ սեփական անվտանգությունը չփորձի ապահովել իր հարևանների շուրջ անկայությունուն ստեղծելու հաշվին։
Ինչ վերաբերում է Իրանի պաշտպանունակությանը, մենք մեր պաշտպանական համակարգը ստեղծել ենք այնպես, որ ոչ ոք չմտածի, թե Իրանի քաղաքների ռմբակոծությունը կմնա անպատասխան։ Իրանի ռազմական կարողությունը պաշտպանական բնույթ ունի։ Սակայն մենք հստակ հայտարարում ենք՝ մեր երկիրը պաշտպանելու համար որևէ մեկից թույլտվություն չենք խնդրելու։ Մենք էներգիան ցանկանում ենք զարգացման համար։
Տարիներ շարունակ Իրանի խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի մասին խոսում են ցենտրիֆուգների, հարստացման, պատժամիջոցների և ռումբերի համատեքստում։ Սակայն մեր ժողովրդի համար միջուկային տեխնոլոգիան զարգացման իրավունքի անբաժանելի մասն է։
Միջուկային էներգիան մեր հիվանդների համար բուժման միջոց է, գյուղատնտեսության համար՝ պարենային անվտանգության ապահովման գործիք, արդյունաբերության համար՝ տեխնոլոգիական զարգացման հնարավորություն, իսկ ապագայի համար՝ կայուն էլեկտրաէներգիայի աղբյուր։
Իրանը չի ընդունում, որ միջուկային գիտելիքը մի քանի երկրների բացառիկ մենաշնորհը լինի։
Իրանը միջուկային զենքը անվտանգության ապահովման միջոց չի համարում։ Սակայն մենք չենք հրաժարվելու գիտության, արդյունաբերության և խաղաղ նպատակներով էներգիայի ոլորտներում մեր իրավունքներից։
Մենք հստակ ասում ենք՝ ո՛չ միջուկային զենքին, և ո՛չ միջուկային գիտելիքից զուրկ լինելուն։
Իրանի միջուկային հարցը չի լուծվելու պատերազմի դաշտում։ Լուծումը բանակցությունների միջոցով ձեռք բերված այն համաձայնությունն է, որը միջազգային հանրությանը կտա Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ արժանահավատ երաշխիքներ, իսկ Իրանի ժողովրդին՝ իր իրավունքների պահպանման վստահություն։
Մեր հաջորդ սկզբունքը համագործակցությունն է անվտանգության ապահովման գործում։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ պատերազմը սահմաններ չի ճանաչում, իսկ մեկ երկրի ճգնաժամը տարածվում է նաև նրա հարևանների վրա։ Հետևաբար Իրանը իր հարևան երկրներին սեփական անվտանգության մրցակիցներ չի համարում։ Մենք ցանկանում ենք, որ մեր հարևանները լինեն ուժեղ։
Հորմուզի նեղուցի կարևոր ջրային ուղու հարցում մենք չենք կարող ընդունել մի իրավիճակ, երբ բոլորը կարող են օգտվել այդ ուղղությունից, իսկ այդ ջրային տարածքի պատմական պահապան երկիրը դրան զուգահեռ ենթարկվի անարդար պատժամիջոցների և զրկվի ազատ նավարկության իրավունքից՝ նույնիսկ սեփական ջրերում։
Մեր առջև ճանապարհ են փակում, իսկ նույն այդ ջրային ուղին օգտագործում են զենք, պայթուցիկ նյութեր, հրթիռներ և տարբեր երկրների ոչնչացման համար նախատեսված էներգակիրներ տեղափոխելու համար։ Սա անընդունելի է։ Նրանք չեն կարող նման կերպ վարվել, և մենք թույլ չենք տա, որ նման իրավիճակ ստեղծվի մեր երկրի նկատմամբ։
Թշնամական նավատորմերի մշտական տեղակայումը և պատերազմական գոտու ընդլայնումը անվտանգություն չեն ապահովում։ Նավագնացության անվտանգությունը չի կարող ապահովվել ափամերձ պետությունների անվտանգության հաշվին։
Ձերդ գերազանցություններ,
Ինչ վերաբերում է Պաղեստինի հարցին։
Պաղեստինը շարունակում է մնալ միջազգային հանրության խղճի վրա դրված վերք, իսկ Գազան շարունակում է խորհրդանշել խաղաղ բնակչությանը տառապանքից պաշտպանելու հարցում։ միջազգային մեխանիզմների ձախողումը։ Տասնամյակներ շարունակ բանաձևեր են ընդունվում, սակայն օկուպացիան և բռնությունը շարունակվում են։
Մենք չենք կարող խոսել խաղաղության մասին՝ միաժամանակ անտեսելով Պաղեստինը։ Արևմտյան Ասիայում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել առանց Պաղեստինի նկատմամբ արդար մոտեցման։
Քանի դեռ աշխարհում գոյություն ունեն օկուպացիա, ագրեսիա և անարդարություն, դիմադրությունը շարունակվելու է։ Եթե դրա որևէ ձև վերանա, այն կարող է նորից ի հայտ գալ մեկ այլ ձևով՝ գուցե նույնիսկ ավելի մեծ ուժով։
Գազան, չնայած շարունակվող սպանություններին և լայնածավալ ավերածություններին, ցույց տվեց, որ մարդկանց դիմադրելու կամքը հնարավոր չէ ռումբերի և շրջափակման միջոցով կոտրել։
Սա մարդկային էության մի մասն է՝ մարդկային բնույթի դրսևորում։ Եթե մարդուն վտարում են իր հողից, նա դիմադրում է։ Եթե ռմբակոծում են նրա տունն ու օջախը, նա դիմադրում է։ Էլ ի՞նչ պետք է անի։ Պե՞տք է ընդունի, որ իր նկատմամբ ուժ գործադրեն։ Պե՞տք է ընդունի, որ իրեն վտարեն իր տնից ու հայրենիքից և լուռ հետևի այդ ագրեսիային։ Իսկ եթե փորձի պաշտպանել ինքն իրեն, նրան անվանեն ահաբեկի՞չ։
Այսօր մեր ապրած աշխարհում անհրաժեշտ է նոր խոսույթ ձևավորել։ Մեր տարածաշրջանի խնդիրները, նախքան հեռավոր տերությունների միջև ուժային պայքարի պատրվակ դառնալը, պետք է հնարավորություն ունենան լուծվելու հենց տարածաշրջանում՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։
Ռազմավարական անկախությունը նշանակում է, որ որևէ օտար ուժի հետ հարաբերությունները չպետք է վերածվեն մեր հարևանի դեմ պատերազմելու հնարավորության։
Իսկ այժմ ուզում եմ խոսք ուղղել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են եղել մեր երկրի դեմ հարձակումը ծրագրելու, որոշելու և իրականացնելու համար։
Մեր ժողովուրդը սեփական փորձով զգաց ռազմական ուժի կիրառման հետևանքները և նրանց կործանարար որոշումների արդյունքները։ Նրանք փորձության ենթարկեցին Իրանի դիմակայունությունը և այժմ լավ գիտեն, որ Իրանին պատերազմով հնարավոր չէ ստիպել հանձնվել։
Իրանը երբեք որևէ պատերազմի նախաձեռնողը չի եղել։ Մենք միշտ հավատարիմ ենք մնացել բանակցությունների սեղանին նստելու գաղափարին։
Պատերազմը մեզ պարտադրեցին, սակայն մենք ապացուցեցինք, որ սեփական երկիրը պաշտպանելու համար չենք վախենում պատերազմից, իսկ խաղաղության հասնելու համար չենք խուսափում բանակցություններից։
Եվ մենք մինչև կյանքի վերջ կանգնելու ենք մեր սիրելի Իրանի պաշտպանության դիրքերում։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այս նստաշրջանի առանցքային թեման վստահության վերականգնումն է։ Վստահությունը խոսքերով չի ձևավորվում․ դրա համար անհրաժեշտ է հրաժարվել երկակի չափանիշներից։
Այս տարածաշրջանում միջուկային զենքը և զանգվածային ոչնչացման այլ զենքերը գտնվում են Իսրայելի ռեժիմի ձեռքում, մինչդեռ ստուգումներ և վերահսկողություն են պահանջում Իրանից։
Իսրայելը Գազայում 70 հազար մարդու կոտորել է, իսկ Իրանին բանակցությունների սեղանի շուրջ գտնվելու ժամանակ ռմբակոծել են։
Իսրայելը միջուկային զենք ունի, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ չէ, իր գոյության ողջ ընթացքում որևէ տեսուչի թույլ չի տվել մուտք գործել իր տարածք, սակայն միլիարդավոր դոլարների զենք է ստանում որպես անվճար «պարգև» և վայելում է այնպիսի անպատժելիություն, որը նրան հնարավորություն է տալիս ռմբակոծել ցանկացած մայրաքաղաք, երբ ցանկանա։
Կրկնում եմ՝ միջուկային ռումբը Իսրայելում է, իսկ տեսուչները՝ Իրանում։ Իսրայելը սպանում է, իսկ Իրանը ենթարկվում է պատժամիջոցների։
Սա այնպիսի ողբերգություն է, որ երբ որևէ մեկին պատմում ես, նույնիսկ ծիծաղելի է թվում։ Նա սպանում է, մենք ենք պատժամիջոցների ենթարկվում, իսկ այդ պատժամիջոցներն ի վերջո հարվածում են աղքատներին, հիվանդներին և անմեղ մարդկանց։
Սա այն է, ինչ Միացյալ Նահանգները ցանկանում է անել պետությունների, հատկապես Իրանի նկատմամբ՝ ժողովրդին դարձնելով իր չարամիտ և մութ նպատակների զոհը։
Եթե մենք ձգտում ենք արդարության, ապա բարեկամի և մրցակցի նկատմամբ պետք է կիրառվի նույն չափանիշը։
Մարդու իրավունքները աշխարհաքաղաքական մրցակցության գործիք չեն։ Իրանը հատուկ արտոնություններ չի պահանջում․ մենք հավասար իրավունքներ ենք պահանջում և պատրաստ ենք ստանձնել դրանցից բխող պատասխանատվությունը։
Իրանը իր երկար պատմության ընթացքում մի ճշմարտություն հստակ է հասկացել․ ուժ չունեցող աշխարհը վտանգավոր է, սակայն այն աշխարհը, որը ճանաչում է միայն ուժի լեզուն, երբեք կայուն անվտանգություն չի ապահովի։
Եթե միջազգային իրավունքը կիրառվի միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանում է հզորների շահերին, ավելի շատ երկրներ կհանգեն այն եզրակացության, որ սեփական անվտանգությունն ապահովելու համար պետք է ապավինեն միայն իրենց ուժին։ Իսկ դա բոլորիս համար ավելի վտանգավոր աշխարհի սկիզբը կլինի։
Մենք չպետք է թույլ տանք, որ 21-րդ դարը վերածվի ուժեղների քաղաքականության գերակայության և ուժի իշխանությանը վերադարձի դարաշրջանի։
Մենք չպետք է կառուցենք այնպիսի աշխարհ, որտեղ ռազմական ուժը փոխարինի լեգիտիմությանը, պատժամիջոցները՝ դիվանագիտությանը, ահաբեկչությունը՝ քաղաքականությանը, իսկ պատերազմը՝ երկխոսությանը։
Իրանը համագործակցության ձեռք է մեկնում աշխարհին։
Մենք աշխարհին կոչ ենք անում ոչ թե նոր պատերազմի, այլ խաղաղության և արդարության։ Եվ դա անում ենք ոչ թե թուլությունից, այլ սեփական ուժի նկատմամբ վստահությունից և այն գիտակցումից, որ այս տարածաշրջանում ոչ ոք միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը։
Կամ միասին ենք կառուցելու անվտանգություն, կամ միասին ենք կրելու անկայունության հետևանքները։
Մենք մտածում ենք այնպիսի ապագա կառուցելու մասին, որտեղ անվտանգությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը բոլոր ժողովուրդների համար կլինեն անքակտելի և համընդհանուր իրավունքներ։
Ապագա, որտեղ ոչ մի ժողովուրդ դուրս չի մղվի լուսանցք, ոչ մի ձայն չի կորչի ուժի աղմուկի մեջ, և ոչ մի տերություն իրավունք չի ունենա ուրիշների փոխարեն որոշելու նրանց ապագան։
Միջազգային համակարգին արժանի կարգը պետք է հիմնված լինի ժողովուրդների հավասարության, արդարության, անաչառության և մարդկության ընդհանուր կամքի վրա։
Որովհետև խաղաղությունը, որը բոլորի համար չէ, խաղաղություն չէ, իսկ արդարությունը, որը չի տարածվում բոլորի վրա, արդարություն չէ։
Եվ վերջում։
Երեկ Միացյալ Նահանգների նախագահի հնչեցրած խոսքերը համաշխարհային հանրության, մտավորականների, քաղաքական գործիչների և իրավաբանների համար ակնհայտորեն վկայում են ուժի լեզվի և բռնապետական մտածելակերպի մասին և հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հստակ դրույթներին։
Նա պետք է իմանա, որ սպառնալիքները մեր ժողովրդին ավելի միասնական ու ավելի ուժեղ են դարձնելու, իսկ իրանցիների դիմադրությունն ավելի են ամրապնդելու։
Նա պետք է իմանա, որ Իրանի ժողովուրդը ուժի առաջ գլուխ չի խոնարհելու և ագրեսորներին ստիպելու է զղջալ իրենց գործողությունների համար։
Սա այն է, ինչ Թրամփը և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ուժի դիրքերից հանդես գալ, պետք է հասկանան։
Մենք պատրաստ ենք երկխոսության, սակայն թող իմանան՝ ուժի լեզուն չենք ընդունելու։
Շնորհակալություն։