«Միասին Աղավնոյում»-ը ժամանակի հրամայականով ստեղծված և կամավորականների ջանքերով կյանքի կոչվող փառատոն է, որի նպատակն է՝
Քաջալերել Աղավնոյի բնակիչներին արվեստի և մշակույթի լեզվով, երգ ու պարով, որպեսզի նրանք պինդ ոգով մտնեն պայքարի հաջորդ փուլ, շարունակեն տեր կանգնել իրենց ինքնությանն ու հայրենիքին։
Նաև կոչ ենք անում նրանց, ովքեր քաջալերելուց բացի կուզեն միանալ Աղավնոյի բնակիչներին, ապրել նրանց հետ և աջակցել ամենօրյա գործով, ևս մասնակցել փառատոնին և գտնել իրենց համախոհներին։
Աղավնոյի ու Բերձորի բնակչությունը տեղահանման վտանգի տակ է։ Մարդիկ, որոնք ապրում ու արարում են այդ հողում, զրկվելու են իրենց տնից, հողից ու ջրից, սեփական տանն ու գյուղում դառնալու են օտարական։ Հապաղելու ժամանակ ուղղակի չկա։ Վերջնաժամկետը հայտնի է՝ օգոստոսի 25․․․ Այս օրերին (մասնավորապես՝ օգոստոսի 15-16) մենք ուզում ենք մշակութային աղաղակ բարձրացնել՝ զերծ քաղաքական երանգավորումներից, միավորել արվեստագետներին, մշակութային գործիչներին, խնդրով հետաքրքրված մարդկանց ու կազմակերպություններին և միասին կազմակերպել Մշակութային փառատոն։
Միացիր մեզ, եթե սիրում ես քո երկիրն ու հայրենիքը նաև գործնական կերպով։
Միացիր մեզ, եթե պատրաստ ես այս օրերին քո շնորհներն ու կարողություններն օգտագործել ի շահ Աղավնոյի։
Միացիր մեզ, եթե պատրաստ ես քո տաղանդով նպաստել միջոցառման կայացմանը։
Միացիր մեզ, եթե չես կարող պարզապես նստել տանն ու սպասել, մինչ Աղավնոյի վերջին տան դռան կողպեքը կփակվի․․․
Սա ռազմական կոչ չէ, սա քաղաքական կոչ չէ, սա մշակութային աղաղակ է՝ ի պաշտպանություն և աջակցություն մեր հայրենակիցների․․․
Յուրաքանրյուր հայ կարող է ունենալ իր ներդրումը՝ մեր հայրենիքի մի մասը պահելու հարցում։ Մեր մշակույթն ու միասնությունը մեր ամենաուժեղ զենքն են։ Միացեք այս նախաձեռնությանը․ որպես արվեստագետ, կազմակերպիչ կամ հանդիսատես։