ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
1931թ. հունվարի 28-ին Գուգարաց աշխարհում տոն էր: Յանովսկու «Ցասումը» ներկայացմամբ բացվեց Ղարաքիլիսայի պետական դրամատիկական թատրոնը:
Խմբի կազմում էին Արուս Խուդանյանը, Գեղամ Նալբանդյանը, Ադրիկ Սարգսյանը, Աշոտ Գևորգյանը, շատ շուտով նրանց միացան Ալեքսանդր Շագաֆյանը, Աղավնի Հովհաննիսյանը, Անահիտ և Մաթևոս Սանամյանները, Օնիկ Վարդանյանը, Մարուսյա Խառատյանը, Ջերջիզ Ժամհարյանը: Նրանց ստեղծած բարձրարվեստ ներկայացումները հետագայում մնացին թատրոնի պատմության մեջ:
Հայ բեմի մեծ արտիստ Հովհաննես Աբելյանի հաճախակի հյուրախաղերը Օթելլոյի, Կորրադոյի, Գիժ Դանիելի, Էլիզբարյանի, Սվենգալիի դերակատարումներով վարպետության հրաշալի դպրոց էին նորաստեղծ խմբի համար: Նկատի ունենալով արտիստի նվիրումն ու ծառայությունները Լոռվա թատերարվեստի զարգացման գործում՝ 1936 թ.-ից թատրոնը կոչվեց Հովհաննես Աբելյանի անունով:
1950-ական և 60-ական թվականներին թատրոնի էջերը հարստացան Վ. Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», Օնորե դը Բալզակի «Խորթ մայր», Կ. Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Պ. Կոգոուտի «Այդպիսի սեր», Լոպե դե Վեգայի «Սևիլյայի աստղը», Ժան Անույի «Անտիգոնե» ներկայացումներով՝ բեմադրիչներ Հովհաննես Կարապետյանի, Սոկրատ Աքմաքչյանի, դերասաններ Արեգ Հարությունյանի, Արշավիր Վաչյանի, Հասմիկ Նաղաշյանի, Գառնիկ Կարապետյանի, Լևոն Սարգսյանի բարձրարվեստ ձեռքբերումների շնորհիվ:
Հետագայում ժողովրդական արտիստներ Վոլոդյա Գրիգորյանը և Լենա Փաշինյանը դարձան թատերախմբի առաջատարները և նպաստեցին թատրոնի բարձարվեստ առաջընթացին:
20-րդ դարի 80-ականներին հայկական թատերարվեստն արտերկրում /Մոսկվա, Թբիլիսի, Բելառուս, Ուկրաինա, Լիտվա, Լատվիա, Լիսաբոն, Փարիզ, Ստրասբուրգ, Քիշնև/, ներկայացնում էր հենց կիրովականյան թատրոնը։ Այդ աննախադեպ հաջողությունն իրողություն դարձավ Վահե Շահվերդյան բեմադրիչի կողմից թատրոնում արմատավորված նոր մտածողության, գեղագիտական նոր սկզբունքների շնորհիվ։ Վ. Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» և «Արքա Լիր», Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ա. Չեխովի «Երեք քույր», Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորները», Ալ. Շիրվանզադեի «Քաոս», «Չար ոգի», Մուրացանի «Ռուզան» և այլ բեմադրություններ դարձան միջազգային և հանրապետական թատերական փառատոների մրցանակակիրներ:
Դժվարին, բայց հաղթական ճանապարհ են անցել աբելյանցիները. վառ վկայություններից է նաև թատրոնի ներկայիս խաղացանկը, որը հարուստ է համաշխարհային և ազգային դրամատուրգիայի գլուխգործոցներով։
Այսօր երեք սերնդի համաժամանակյա շնչառությամբ, նոր նշանակալից բեմադրություններով է հարստանում աբելյանցիների տարեգրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանի, Ռոզա Մխիթարյանի, վաստակավոր արտիստներ Հասմիկ Ալեքսանյանի, Էլինե Աղամյանի, Մայիս Սարգսյանի, Հայկ Թորոսյանի, Վրույր Հարությունյանի, Ալլա Հովհաննիսյանի, Սոֆա Սողոմոնյանի, միջին և երիտասարդ սերնդի դերասաններ Ալլա Դարբինյանի, Արմինե Վերմիշյանի, Էդգար Քոչարյանի, Էլֆիք Զոհրաբյանի բեմական հարուստ կենսագրության և ստեղծագործական նվաճումների շնորհիվ:
Իրավամբ, Աբելյանի անվան արդեն 90-ամյա դրամատիկական թատրոնը կարող է հպարտանալ ինչպես անցյալի իր ձեռքբերումներով, այնպես էլ ներկայով, կարող է հպարտանալ իր հավատարիմ հանդիսատեսով և գլուխը բարձր քայլել դեպի հարյուրամյա հեռուն, դեպի մշակութային նոր նվաճումներ...